Արհեստական ինտելեկտը հերթական գործիք է մարդկության կյանքի ընթացքում ստեղծված գործիքների անվերջ շղթայում, սկսած նախամարդու մահակից ու բրիչից մինչև ժամանակակից գործիքներն ու դրանց միջոցով ստեղծված տեխնոլոգիաները, իրերը, ապրանքներն ու արտադրանքը։
Ամեն մի գործիք հեշտացրել է մարդկանց աշխատանքը և բարձրացրել դրա էֆեկտիվությունը, միաժամանակ, իր հետ բերել է նաև ռիսկեր։
Բացի դրանից, ամեն մի գործիք ունի հնարավորությունների ինչ-որ չափի պոտենցիալ, որն էլ աստիճանաբար վերածվում է պրակտիկ հնարավորությունների։
Մարդկության կողմից ստեղծված գործիքները, իրերն ու արտադրանքը ունեցել են երկու նպատակ՝ ապահովել մարդկանց անվտանգությունն ու կյանքի որակը, այսինքն, ռազմի նպատակներով և իրենց համար սնունդ ու կացարան ստեղծելու նպատակներով։
Այսինքն, անկախ օգտագործման ոլորտից, մարդկանց ստեղծած գործիքները, իրերը և ապրանքները իրենց հետ բերել են օգուտներ և տարբեր չափի ռիսկեր, վերջիններս էլ ծնել են դրանց անվտանգ օգտագործման կանոններ կենցաղում, արդյունաբերության մեջ, ռազմի գործում և այլն։
Այդ ռիսկերը նաև ունեցել են լոկալ բնույթ, մինչև ատոմային զենքի հայտնվելը, որն իր մեջ պարունակում է ռիսկեր՝ կապված արդեն մարդկության գոյության հետ։
Այդ պատճառով էլ մանրամասն ուսումնասիրվել են ատոմային զենքի դերը մարդկային քաղաքակրթության կյանքում, այդ զենքի տարբեր տեսակների պոտենցիալ հնարավորություններն ու դրանց հետ կապված գլոբալ ռիսկերը և այլն։
Ներկայում նման իրավիճակ է ստեղծվում արագ զարգացող արհեստական բանականության ոլորտում, որի դեռևս չուսումնասիրված պոտենցիալը կարող է պարունակել անհայտ էկզիստենցիալ ռիսկեր մարդկության համար, դառնում է մեծ անհանգստության պատճառ։
Բանն այն է, որ ԱԲ-ն առաջին գործիքն է, որն իր հատկություններով ու դեռևս չուսումնասիրված և լրիվ չգիտակցված հնարավորություններով ընդհուպ մոտեցել է մարդկային բանականությանը, ներառյալ՝ ինքնուրույն որոշումներ կայացնելը։
Մարդու ստեղծած գործիքները միշտ են իրենց հնարավորություններով գերազանցել մարդու լոկալ որևէ հատկության, բայց դրանցից որևէ մեկը ընդհանուր կառավարման ֆունկցիա չի կարողացել իրականացնել, և հենց այս առումով է, որ ԱԲ-ն իր ինքնուրույն որոշումներ կայացնելու և մասշտաբային կառավարման հնարավորություններով կարող է մեծ ռիսկեր ստեղծել մարդկանց համար։
Անկախ այն բանից, որ ԱԲ-ն դեռևս չունի մարդկային բանականությանը հատուկ ստեղծագործելու հնարավորությունը, բայց այն արդեն այնքան զորեղ է և ունի դեռևս չբացահայտված պոտենցիալ հնարավորություններ, որ մարդկության համար կարող է ստեղծել տարբեր տեսակի անսպասելի ռիսկեր։
Այս իմաստով շատ հատկանշական է այն, որ օրեր առաջ Սինգապուրում կայացած «Շանգրի-Լա Դիալոգ» անվտանգության ֆորումում հայտարարվել է, որ արդեն արհեստական բանականության ռիսկերը գերազանցում են միջուկային զենքի ռիսկը։
Պավել Բարսեղյան